Հուլիսի 15-ին կործանված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Тy-154 ինքնաթիռի ինքնագրիչների տվյալների վերծանմանն աջակցելու համար իրանցի մասնագետները մտադիր են դիմել արտադրող երկրի իրենց գործընկերներին՝ այսինքն՝ Ռուսաստանին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնաբերվել են վթարի ենթարկված ինքնաթիռի երեք «սև արկղերից» երկուսը։ Ըստ Իրանի տրանսպորտի նախարարության կողմից ստեղծված ճգնաժամային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդի, գտնված ինքնագրիչները լրջորեն վնասված են։
Ինքնաթիռի անկման շրջանում շարունակվում են բեկորների հավաքման աշխատանքները. ինքնաթիռից մնացել են հիմնականում միայն փոքր կտորներ։ Գետնին բախվելու ժամանակ այն պայթել է և առաջացրել հսկայական փոս։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Իրանի տարածքում տեղական ժամանակով ժամը 11.33-ին վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Ty-154 ուղևորատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղած բոլոր 153 ուղևորները՝ ներառյալ 2 երեխաները և անձնակազմի 15 անդամները, զոհվել են։ Զոհվածների թվում են Իրանի ու Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Վրաստանի երկու քաղաքացի։ Հուլիսի 16-ին Հայաստանում հայտարարվել է սգո օր։ Ավիաաղետի զոհերի համար եռօրյա սուգ է հայտարարվել նաև Իրանում։




























