Օդեսայում մահափորձ էր նախապատրաստվել ոչ միայն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի, այլեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ:
Քադիրովին նախատեսվել էր «վերացնել» 2011թ. հուլիսի 30-ին հենց Օդեսայում` Զաուրբեկ Բայսանգուրովի մասնակցությամբ բռնցքամարտի ժամանակ, որին հովանավորում է Քադիրովը: Չեչնիայի ղեկավարն իրոք մտադիր էր ներկա գտնվել այդ մենամարտին, բայց վերջին պահին փոշմանել է` առանց պատճառները հստակեցնելու: Այդ մասին տեղեկացնում է «Այսօր» թերթը`վկայակոչելով Օդեսայի շրջանի ՆԳՎ-ի աշխատակիցներից մեկին:
Նրանք հաշվի էին առել մարտից հետո մարզիկին շնորհավորելու եւ տեսախցիկների առջեւ իրեն ցուցադրելու նպատակով Քադիրովի ռինգ գնալու սովորությունը: Ռումբը մտադիր են եղել դնել հենց ռինգի տակ, իսկ այն հեռակառավարման միջոցով պետք է գործողության մեջ դներ Ադամ Օսմաեւը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադամ Օսմաեւը, որը հետախուզման մեջ էր գտնվում պայթյունի հետ կապված դեպքից հետո, որի արդյունքում զոհվել էր Ռուսլան Մադաեւը, իսկ Իլյա Պյանզինը լուրջ այրվածքներ էր ստացել, ձերբակալվել է Օդեսայում փետրվարի 4-ին, ինչից հետո սկսել էր ցուցմունք տալ Պուտինի դեմ մահափորձի մասին: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը` խնդրելով հանձնել Ադամ Օսմաեւին:
Օսմաեւը 2007թ. եւս ձերբակալվել էր Քադիրովի դեմ մահափորձի գործով: Այդ ժամանակ ռուս քննիչները նրա հանցակցությունն ապացուցող բավարար փաստեր չէին ունեցել եւ վերահսկողության տակ չէին վերցրել: Արդյունքում նա թաքնվել էր, եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզություն էր հայտարարվել:



























