Հունաստանի անվերահսկելի դեֆոլտը եվրագոտու համար կարող է ավելի քան 1 տրիլիոն եվրո արժենալ, իսկ Իտալիան եւ Իսպանիան կմնան առանց անհրաժեշտ օգնության:

Հունաստանի կողմից պարտքերը վճարելուց հրաժարվելու  կապակցությամբ նման կանխատեսում է արվել Ֆինանսների միջազգային  ինստիտուտի զեկույցում  (IIF):

Հույն մասնավոր վարկատուները նախքան մարտի 8-ի գիշերը պետք է հաղորդեն` կմասնակցեն պարտատոմսերի փոխանակմանը, թե ոչ, ինչը երկրի փրկության գործարքի մասն է կազմում:

 Վերլուծաբանների կարծիքով` Ֆինանսների միջազգային  ինստիտուտի փաստաթուղթը «գաղտնի» նշումով, հնարավոր է նախատեսված է փոխանակմանը մասնակցող ներդրողներին նախազգուշացնելու համար: «Կան մի քանի շատ կարեւոր եւ քայքայիչ հետեւանքներ, որոնք կարող են տեղի ունենալ հունական պետական պարտքի անվերահսկելի դեֆոլտի արդյունքում»,-ասվում է Reuters-ի տնօրինման տակ հայտնված փաստաթղթում:

Մասնավոր ներդրողները Աթենքի հետ պայմանավորվել են պետական պարտքը նախորդ տարվա հոկտեմբերին մասամբ մարելու վերաբերյալ: Պարտատոմսերի փոխանակման արդյունքում Հունաստանի փոխառած 350 միլիարդ ծավալը կկրճատվի 100 միլիարդ եվրոյով: Հետագա բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ տարաձայնություններ էին ծագել, որոնց պատճառով քննարկումները դադարել էին հունվարի կեսերին: