Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, այսօր` մարտի 6-ին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը

ՀՅԴ խմբակցությունից:  Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի 11-ին Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ:

Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների

ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցնեն  ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին եվրոպական չափանիշներին էլ ավելի համապատասխանելու հարցում:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության կարգավորումը` հայտնի սկզբունքների հիման վրա եւ հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

«Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- եզրափակել է Էդուարդ Շարմազանովը: