Թբիլիսիում սկսվել են Սուրբ Նշան հայկական եկեղեցու վերականգման եւ ամրացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», այդ մասին ասվում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ` մարտի 6-ի հայտարարության մեջ:
«Այս տարի կվերականգնվեն սյունաշարերը, եկեղեցու դռները: Պատերը կամրացվեն մետաղե կոնստրուկցիաներով»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ ռեստավրատորները կաշխատեն 3 ամիս:
Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբը, Պատմամշակությաին հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի ղեկավարությամբ, հունվարի 11-ին մեկնել էր Թբիլիսի` Սուրբ Նշանի հրդեհի հանգամանքները պարզելու եւ վրացական կողմի հետ համատեղ միջոցառումները քննարկելու համար:
Նշենք, որ այս տարվա հունվարի 2-9-ը եկեղեցում հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում կառուցը զգալի տուժել է:



























