Լիբիայի արեւելքում նավթով հարուստ շրջանը` Բենղազի կենտրոնով, որ տարածվում է Սիրտ նեղուցի ափին, հռչակվել է Բարկա ինքնավար տարածաշրջան: Նման որոշում են կայացրել Կիրենաիկա պատմական շրջանի ցեղերի ավագներն ու զինված խմբավորումների առաջնորդները: Ավելի վաղ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը դեմ էր արտահայտվել ինքնավարության ստեղծմանը` երկրի պառակտումը կանխելու նպատակով:
«Կիրենաիկայի ժողովրդի Կոնգրեսի» մոտ երկու հազար պատվիրակները ձեւավորել են Գերագույն անցումային խորհուրդ` շեյխ Ահմեդ ազ-Զուբեյրա աս-Սենուսիի գլխավորությամբ:
Նրանք հայտարարել են նոր տարածաշրջանում անկախ նախարարությունների, այդ թվում` ներքին գործերի եւ նավթի, ստեղծման մասին, իրենց վրա են վերցրել կոմունալ տնտեսության, կրթության եւ այլնի կառավարումը:
Ազ-Զուբեյրը խոստացել է պահպանել տարածաշրջանի շահերը, սակայն հայտնել է, որ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը կվերահսկի գործերը միջազգային ասպարեզում:
Նշենք, որ ըստ Լիբիայի Սահմանադրության, Տրիպոլին Լիբիայի քաղաքական, իսկ բենղազին` տնտեսական մայրաքաղաքն է:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ արյունոտ զարգացումներ են սպասվում Տրիպոլիի ինքնավարության հռչակումից հետո:




























