Հայաստանի` Վիլնյուսում գտնվող խորհրդարանական պատվիրակությունն, այսօր` մարտի 6-ին, հանդիպել է Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը:
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար:
Ա. Նռանյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: ՀՅԴ պատգամավորը ողջունել է Լիտվայի աջակցությունը` որպես ԵՄ անդամ երկիր, Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին:



























