Լիբիայի արեւելյան հատվածը կիսաինքնավար հանրապետություն հռչակելն առաջին քայլն է երկրի մասնատման ճանապարհին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ, ԱՊՀ երկրիների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, Լիբիայի մասնատման գործընթացում կգերակշռի էթնիկ, ցեղային սկզբունքը:
«Արեւմտյան քաղաքականությունը միշտ էլ կենտրոնացել է այս կամ այն երկրում էթնիկ հակասությունների հրահրման վրա, որպեսզի սկզբում թուլացնի, մասնատի, հետո էլ «յուրացնի» ամենահամեղ կտորները»,-նշել է զրուցակիցը:
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք դեպքերի նման զարգացումը հանգեցնել Լիբիայում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի ծավալմանը, Միխայիլ Ալեքսանդրովը հայտարարել է. «Անխոս: Պատերազմ կլինի, բացի այդ, կարող են արտաքին ուժեր խառնվել` Արեւմուտքը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները: Օրինակ, «Ալ-Կաիդան»: Փորձագետի կարծիքով, պետք չէ անտեսել Ռուսաստանին եւ Չինաստանին:
Եզրափակելով փորձագետը նշել է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը չի կարող ազդել իրադրության վրա: «Դա արհեստական կառույց է, ստեղծված Արեւմուտքի կողմից, որը ոչնչի ընդունակ չէ առանց նրա ֆինանսական օգնության: Իսկ Արեւմուտքն այդքան փող չունի, որպեսզի անվերջ օժանդակի ԱԱԽ-ին»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լիբիայի արեւելքում նավթով հարուստ շրջանը` Բենղազի կենտրոնով, որ տարածվում է Սիրտ նեղուցի ափին, հռչակվել է Բարկա ինքնավար տարածաշրջան: Նման որոշում են կայացրել Կիրենաիկա պատմական շրջանի ցեղերի ավագներն ու զինված խմբավորումների առաջնորդները: Ավելի վաղ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը դեմ էր արտահայտվել ինքնավարության ստեղծմանը` երկրի պառակտումը կանխելու նպատակով:
«Կիրենաիկայի ժողովրդի Կոնգրեսի» մոտ երկու հազար պատվիրակները ձեւավորել են Գերագույն անցումային խորհուրդ` շեյխ Ահմեդ ազ-Զուբեյրա աս-Սենուսիի գլխավորությամբ: Նրանք հայտարարել են նոր տարածաշրջանում անկախ նախարարությունների, այդ թվում` ներքին գործերի եւ նավթի, ստեղծման մասին, իրենց վրա են վերցրել կոմունալ տնտեսության, կրթության եւ այլնի կառավարումը:
Ազ-Զուբեյրը խոստացել է պահպանել տարածաշրջանի շահերը, սակայն հայտնել է, որ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը կվերահսկի գործերը միջազգային ասպարեզում:
Նշենք, որ ըստ Լիբիայի Սահմանադրության, Տրիպոլին Լիբիայի քաղաքական, իսկ Բենղազին` տնտեսական մայրաքաղաքն է: Առայժմ հայտնի չէ, թե ինչ արյունոտ զարգացումներ են սպասվում Տրիպոլիի ինքնավարության հռչակումից հետո:



























