Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում եւ պատրաստ է բանակցություններ սկսել Ազատ առեւտրի խորը եւ համընդհանուր գոտու ստեղծման համար: Այդ մասին, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: 

Բրյուսելից NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, Բարոզուն ընդգծել է, որ Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի հետ հարաբերությունները ոչ միայն տնտեսական բնույթ են կրում, այլ նաեւ հիմնված են հիմնարար ժողովրդավարական արժեքների եւ օրենքի գերակայության սկզբունքի վրա:

«Հայաստանը հետեւել է մեր խորհուրդներին, եւ դրանում իր ներդրումն ունի նախագահ Սարգսյանը: Այդ բանակցությունների սկիզբը բեկումնային պահ է հանդիսանում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների զարգացման գործում»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարն` ընդգծելով, որ Հայաստանը ձգտում է աշխատել կայուն եւ կանխատեսելի տնտեսական միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Բարոզուն անդրադարձել է նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով, իրեն հավաստիացրել են, որ ընտրությունները կանցկացվեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: