Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Պարո՛ն նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու եւ Հայաստան-ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար: Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, եւ մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բարոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում:
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մեզ մոտ առկա է մոտեցումների եւ հայացքների լիակատար փոխըմբռնում: Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական եւ լեզվական ընդհանրություններով:
Միաժամանակ ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերություններն այսօր զարգանում են վերընթաց կերպով: Այս օրերին Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները թեւակոխեցին որակական նոր փուլ. վճռական առաջընթաց ենք արձանագրում մեր հարաբերությունների ողջ սպեկտրով:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը: Այն նոր մակարդակի կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները եւ սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի եւ այլ բնագավառներում:
Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաեւ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: Եվրոպական Միությունը ՀՀ ամենամեծ առեւտրային գործընկերն է, եւ այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաեւ լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:
Մենք կարեւորեցինք ս.թ. փետրվարի 27-ին Երեւանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, եւ ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջեւ ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ:
Ներկայումս ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների եւ եվրոպական օրակարգի համադրումն է` որպես մեկ միասնական ամբողջություն: Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս:
Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաեւ այդ սկզբունքով: Իմ երախտագիտությունը հայտնեցի Եվրամիությանը Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:
Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաեւ մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար»:




























