Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել  կատարած  աշխատանքային այցի ընթացքում, այսօր` մարտի 6-ին, հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Կողմերը քննարկել են  երկկողմ եւ տրածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հերման Վան Ռոմպեյը ողջունել է Հայաստանի նախագահի նվիրվածությունը բարեփոխումների իրականացմանը` կոչ անելով Հայաստանին շարունակել այդ ճանապարհը:

«Ես ուրախ եմ, որ Դուք եւս մեկ անգամ հաստատեցիք Ձեր մտադրությունը` անելու հնարավորը` երաշխավորելու համար, որպեսզի մայիսին խորհրդարանական, իսկ հաջորդ տարի նախագահական ընտրություններն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարել է նա:

Նա նաեւ նշել է Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում ձեռք բերված նկատելի առաջընթացը:

«Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակում են  առաջընթաց արձանագրել: ԵՄ-ն կանաչ լույս է վառել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար: Երկու օր առաջ սկսվել են վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունները»,-նշել է Եվրոպական խորհրդի նախագահը: