ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ, քանի որ ապագայում սահմանը հատելը կբարդանա, կամ էլ նրանց կարող են փակել առանց զգուշացման: Պետդեպը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Սիրիա գնալուց` հիշեցնելով, որ փետրվարի 6-ին Դամասկոսի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը:
Մարտի 6-ի մամլո ասուլիսում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է շարունակել աշխատել սիրիական նախագծի վրա այլ երկրների հետ: Նախագծի իրականացումը ենթադրում է սիրիական ընդդիմության աջակցությունը, հումանիտար օգնության տրամադրումը, իշխող վարչակարգի հետագա քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը:
Ընդ որում, պետության ղեկավարը դեմ է արտահայտվել սիրիական խնդրի ուժային լուծմանը: «Սիրիայի նկատմամբ միակողմանի կարգով ռազմական գործողությունների դիմելը կամ էլ կարծելը, որ կա որեւէ հեշտ որոշում, ինչպես դա առաջարկում են ոմանք, սխալ կլիներ մեզ համար», - ասել է նա` ի պատասխան սենատոր ՄըքՔեյնի` Ասադի ուժերի դեմ օդային գործողություն ծավալելու կոչին, հաղորդում է «Վեստին»:




























