Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդող Ազատ Ղուկասյանը, ով մեղադրվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ, երեկ` մարտի 6-ի երեկոյան, կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրուցում հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (տղամարդու սեռական հարաբերությունը անչափահասի նկատմամբ): Կատարվում է նախաքննություն:

Եթե մեղադրանքը հաստատվի, Ազատ Ղուկասյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել:

«Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:

Լուսանկարը՝ Hetq-ի