Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, մարտի 6-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշեց, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ըստ Վլադիմիր Գասպարյանի, դեռեւս լուրջ անելիքներ կան ֆունկցիոնալ պարտականությունների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:

Ոստիկանապետը ստորաբաժանումների ղեկավարներից առավելագույն սկզբունքայնություն է պահանջել հանցագործությունների գրանցման, ապա եւ օպերատիվ ու քննչական գործողությունների օրինականության ապահովման եւ արդյունավետության բարձրացման հարցում, հրահանգել է ակտիվացնել անձնակազմի հետ տարվող աշխատանքները, պարտականությունների կատարման յուրաքանչյուր թերացում դարձնել ընդհուպ ծառայողական քննության առարկա:

Հանդիպման մասնակիցներին կոչ անելով առավելագույնս սկզբունքային ու հետեւողական լինել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում` Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծել է, որ ոստիկանության աշխատանքի գլխավոր գնահատականը եղել ու մնում է հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ, հանրային վստահությունը, որը կարելի է ձեռք բերել միայն ոստիկանի ներքին վերափոխման եւ աշխատանքի սկզբունքների արմատական փոփոխության դեպքում: