Հայաստանի ԱԺ պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, մարտի 6-ին աշխատանքային այց է կատարել Թբիլիսի, որոնց ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին:
ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը հայտնել են միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես երկուստեք կարեւորվել է տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: Սամվել Բալասանյանն իր վրաց գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացել է քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ, հավելելով, որ թեեւ Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որեւէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները եւ այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանում եւս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



























