Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է գրքերի շուկայում գների թանկացման պատճառները: Այդ մասին այսօր` մարտի 7-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցմանը:
Ըստ Ա. Շաբոյանի` գրքերի գնի բարձրացումը հետեւանք էր տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության փոփոխության սխալ ընկալման: Ընդ որում` բարձրացվել էր սահմանափակ թվով գրքի գներ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվել է պաշտոնական պարզաբանում, որը, Ա. Շաբոյանի խոսքով, կարգավորում է խնդիրը: «Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից եւ փոփոխություն կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում: Առաջիկա օրերին այն գրքերը, որ թանկացել են, կվերադանան իրենց նախկին գնին»,- ասաց Ա. Շաբոյանը: Նա կոչ արեց բոլոր գրքասերներին` եթե կնկատեն, որ գրքերի գները չեն վերադարձել նախկին մակարդակին, անպայման այդ մասին տեղյակ պահեն Հանձնաժողովին:
Տ. Սարգսյանն իր հերթին հավելեց, որ կհետեւեն գործընթացներին:




























