Անհեթեթություն են շրջանառվող այն խոսակցությունները, թե «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինքի ստեղծումն այնքան էլ «Ժառանգության» սրտով չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկի համար գոյություն ունեն ուժեր օվկիանոսից այն կողմ, ովքեր կարգադրում են նրանց, թե ինչպես գործել, ապա «Ժառանգության» համար այդպիսի ուժեր չկան: «Ժառանգություն» կուսակցությունն ինքն է որոշում, թե ինչն է իր համար շահավետ, ինչը` ոչ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ հարաբերությունների խորացման մասին հայտարարել է «Ժառանգության» ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը: Ես նրա հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:
Սաֆարյանը նաեւ նշել է, որ չի հասկանում, թե ով որտեղ է շտապում, քանի որ քաղաքական նախագծերը պետք է զարգանան օրինաչափորեն` ստանալով ճիշտ որոշումներ: Հետեւաբար, նման հայտարարությունները ոչինչ չեն փոխի «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» քաղաքական կուրսի մեջ:
Հիշեցնենք, որ կուլիսային խոսակցություններ էին շրջանառվում, թե «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու ծրագիրն այնքան էլ «Ժառանգություն» կուսակցության սրտով չէ: «Սակայն օվկիանոսից այն կողմ գտնվողները «Ազատ դեմոկրատներին» հասկացրել են, որ եթե «Ժառանգությունը» փորձի հակադրվել «դաշինքի նախագծին», ապա իրենք «ստավկա» կդնեն միայն «Ազատ դեմոկրատների» վրա: Մարտի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, իր «դաբրոն» կտա դաշինքով «Ազատ դեմոկրատների» հետ խորհրդարան մտնելու ԱՄՆ նախագծին»,- նշել են լրատվամիջոցները:




























