Նախնական տվյալներով, Դաղստանում մարտի 6-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է Ամինատ Իբրահիմովան` 21-ամյա Մագոմեդհաբիբ Դաուդովի այրին, ով փետրվարի 11-ին սպանվել էր հոր` Դաղստանի խմբավորման ղեկավար Իբրահիմհալիլ Դաուդովի հետ: Այդ մասին հայտնել են Դաղստանի ՆԳՆ-ից: Տեղեկատվությունը հստակ կարելի է հաստատել միայն փորձաքննությունից հետո:
Ինչպես հայտնում է Lifenews-ը, այսօր դիահերձարան են այցելելու Իբրահիմովայի մերձավոր ազգականները` ճանաչմանը մասնակցելու համար: Դիահերձարանում է գտնվում կնոջ գլուխը:
Նշենք, որ մահապարտ-ահաբեկչուհին պայթեցրել էր իրեն մարտի 6-ի երեկոյան, Դաղստանի Քարաբուդախքենդ գյուղի ոստիկանական բաժանմունքի մոտ: Նրանից հետո ոստիկանական հենակետի վրա գրոհայիններ են հարձակվել, եւ պայթյունի ու հրաձգության արդյունքում սպանվել է 5 իրավապահ, երկուսը վնասվանքներ են ստացել:
Դաղստանի ամիր Իբրահիմհալիլ Դաուդովի դին հայտնաբերվել էր փետրվարի 14-ին: Նրա որդին` Մագոմեդհաբիբ Դաուդովը սպանվել էր փետվարի 11-ին տեղի ուենցած հատուկ գործողության արդյունքում:
Իբրահիմհալիլ Դաուդովը մոսկվայում 2010թ. դեկտեմբերի 31-ին չհաջողված ահաբեկչության կազմակերպիչն էր: Ահաբեկչությունը նախապատրաստելու ընթացքում «Կուզմինկի» այգում շահիդի գոտու պայթյունից մահացել էր նրա կինը:
Քննիչները պարզել էին, որ կինը պետք է իրեն պայթեցներ Մանեժնայա հրապարակում:


























