Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին պաշտոնապես ժխտել է այն լուրը, ըստ որի հանրապետությունն աշխատում է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ:
«Վրաստանի միջուկային ծրագիրը» վերնագրով հոդվածը մարտի 2-ին հրապարակվել էր CNN iReport բլոգների կայքում isaactom օգտագործողի կողմից: Նրանում հաստատվում էր, որ Ռուսթավիի մոտակայքում ուրանի հարստացման աշխատանքներ են տարվում:
Ըստ հեղինակի` վրացական իշխանությունները հայտարարում են միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին, սակայն իրականում փորձում են միջուկային զենք ստեղծել: Ինչպես կարելի է ենթադրել, հոդվածը հիմնված է եղել Իրանի միջուկային ծրագրի մասին հաղորդագրությունների վրա: Ավելի ուշ մեկնաբանություններին արձագանքելով` հեղինակը խոստովանել է, որ կատակել է:
«CNN iReport բլոգի հոդվածը իհարկե փուչիկ է, որի մասին ասված է նաեւ մեկնաբանություններում», - այդ կապակցությամբ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին` նշելով, որ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության տեսակետից Վրաստանն առաջատար երկրներից է, եւ որ դա հաստատում են ԱՄՆ-ը եւ ԱԷՄԳ-ը:
Մեկնաբանելով Վրաստանում ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը` նախարարի տեղակալը հայտարարել է, որ ներկայումս Վրաստանում ԱԷԿ-ի կառուցման ոչ կարիք կա, ոչ էլ` հնարավորություն, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:



























