Wikileaks-ի հրապարակած Stratfor-ի փաստաթղթերի շարքում կա նամակագրություն, որը կասկածի տակ է դնում այն փաստը, որ  «թիվ մեկ ահաբեկիչ»  Ուսամա բեն Լադենի մարմինը ծովն են նետել: Նամակներում նշվում է, որ  «Ալ Կաիդայի»  առաջնորդի մարմինը տեղափոխվել է ԱՄՆ:

Մայիսի 2-ին` այն բանից հետո, երբ ամերիկյան նախագահ Բարաք Օբաման հայտարարեց բեն Լադենին ոչնչացնելու մասին, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը ընկերության փոխնախագահ Ֆրեդ Բերտոնին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում ասվում էր.  «Իմ տվյալներով` մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծու»: Բերտոնն ի պատասխան գրել է, որ մարմինն արդեն գտնվում է ԿՀՎ-ի ինքնաթիռում, որը նրան կհասցնի ԱՄՆ-ի Դելավեր նահանգի Զինված ուժերի պաթոլոգիաների ինստիտուտ:

Stratfor-ի աշխատակիցների նամակագրությունում, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նշվում էր նաեւ, որ բեն Լադենը պարբերաբար հաղորդակցվել է Պակիստանի ռազմական հետախուզության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Նշվում էր, որ ԱՄՆ-ին հայտնի են ահաբեկչի հետ հաղորդակցվող պակիստանյան հետախուզության 12 աշխատակիցների անունները, եւ նա կարող է Իսլամաբադի հետ բանակցություններում դա օգտագործել իբրեւ հաղթաթուղթ, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք,  «Ալ Կաիդայի»  առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011թ. մայիսի 2-ին Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Աբոթաբադ քաղաքի շրջանում գտնվող տանը` ամերիկյան հատուկ ուժերի կողմից: Պաշտոնական վարկածով` ահաբեկչի մարմինը նետվել է ծովը նույն օրը` համաձայն մահմեդական ավանդույթների: