Կառուցվող շենքերում անշարժ գույքի առուվաճառքի զեղծարարությունները կանխելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որն այսօր` մարտի 7-ին, հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ օրինագիծը խորհրդարան կներկայացվի անհետաձգելի կարգով:
Նշենք, որ Երեւանում դեպքեր են արձանագրվել, երբ դեռեւս ավարտին չհասցված շենքերում միեւնույն բնակմակերեսը վաճառվել է մի քանի հոգու (Արամի, Բյուզանդի փողոցներում):
Փոփոխությունները պետք է իրականացվեն քաղաքացիական օրենսգրքում եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Առաջարկվում է, մասնավորապես, որ մինչեւ շինարարության սկիզբը վճարման ենթակա է ոչ ավելի, քան վաճառքի գնի 20%-ը, ինչպես նաեւ վաճառքի գնի առնվազն 20 % պետք է վճարվի շինարարության ավարտից հետո:
Ըստ Հ. Թովմասյանի` ներկա օրենսդրությամբ, գնորդի մոտ գույքային իրավունք չի ծագում, եթե շինությունը չի կառուցվել, այնինչ գնորդն այդ մասին չգիտի: Օրենքի փոփոխությամբ` գույքի ձեռքբերման նախնական պայմանագրերը նույնպես պետք է գրանցվեն կադաստրում:




























