Ճապոնական դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել Olympus ընկերության երեք թոփ մենեջերներին:
Կազմակերպության նախկին ղեկավար Ցուեսի Կիկուկավան, փոխտնօրեն Հիսաշի Մորին եւ նախկին աուդիտոր Հիդեո Յամադան մեղադրվում են կասկածելի գործարքների եւ կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Դատախազությունը հայտարարել է, որ ընկերության թոփ մենեջերները 1990-ականներից սկսած համաձայնության են եկել ֆինանսական կորուստները թաքցնելու շուրջ, հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թվային տեսախցիկների առաջատարներից մեկը հանդիսացող Olympus-ի շուրջ նախորդ տարվա աշնանը ձեռնարկության պատմության մեջ ամենաաղմկալի սկանդալն էր ծավալվել: Մենեջերները տարիներ շարունակ թաքցրել են ֆինանսական կորուստները` դրանք ներկայացնելով իբրեւ ներդրումներ արտասահմանյան հոլդինգներում:
Ընկերության նոր նախագահ Սուիտի Տակայաման, ով 2011թ. գարնանը փոխարինել էր Կիկուկավային, իր նախորդին, ինչպես նաեւ ղեկավարող պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ անձանց մեղադրել էր ֆինանսական կորուստները թաքցնելու մեջ:



























