Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, այսօր` մարտի 7-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին են փոխանցել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ հիմնադրամի նախաձեռնությանը միացած ավելի քան 20 հազար երիտասարդների ստորագրությունները։

«Մայրության աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նվիրված ստորագրությունները հանձնվում են մարտի 7-ին՝ կանանց մեկամսյակի մեկնարկի նախօրեին, որ սկսվում է Կանանց միջազգային օրով եւ ավարտվում է Մայրության եւ գեղեցկության տոնով»,-ասել է Կարեն Ավագյանը, հավելելով, որ արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությանը միացել են նաեւ մի շարք սփյուռքահայ երիտասարդներ՝ լոսանջելեսաբնակ Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նրանք ուղարկել են տարբեր երկրներից հավաքած 1063 ստորագրություն։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մենք ունենք արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդես գալու բարոյական հիմքեր։ «Սա գործընթաց է, որ կարող է պսակվել հաջողությամբ, եթե մենք լինենք հետեւողական։ Իսկ մենք, նման երիտասարդություն ունենալով, վստահեցնում եմ Ձեզ, կլինենք շատ հետեւողական։ Ես հավատում եմ, որ այս գործընթացը կարող է պսակվել հաջողությամբ, եթե մեր ջանքերը միասնական ու համառ լինեն։ Ես անձամբ պատրաստվում եմ եւ՜ որպես պաշտոնյա, եւ՜ որպես քաղաքական գործիչ, եւ՜ որպես քաղաքացի այս հարցը բոլոր պատեհ առիթներով բարձրացնել բրիտանական մեր գործընկերների առջեւ՝ հույս տածելով, որ մեր պատմության թանգարանում կունենանք ոչ թե արձանի պատճենը, այլ բնօրինակը»,- նշել է Արմեն Աշոտյանը։

Կարեն Ավագյանի եւ Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողներին հայտնել է, որ Բրիտանական թանգարանից արդեն կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում։ Այս քայլը, ըստ դեսպանի, կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում եւ թանգարանների միջեւ համագործակցություն։ «Մշակույթը դրական գործիք է ժողովուրդներին մոտեցնելու, եւ հուսով եմ՝ այս քայլը կնպաստի ավելի խորը համագործակցության եւ հարաբերությունների սերտացման նպատակին»,- նշել է դեսպանը։

Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրության համար, նշել է, որ հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրության համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը։ Հիմնադրամը ՀՀ պատկան կառույցների հետ համագործակցությամբ առաջիկայում կսկսի փաստաթղթերի լրացման եւ Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը։