Մերդոքի մեդիա կայսրության մեջ ընդգրկված լրատվամիջոցների աշխատակիցների կողմից հանրահայտ մարդկանց հեռախոսների գաղտնալսման եւ ոստիկաններին կաշառելու շուրջ աղմուկը երկու լրագրողների ստիպել է դիմել ինքնասպանության: Երկու փորձերն էլ, բարեբախտաբար, անհաջող են եղել:
Լրագրողները հիվանդանոց են տեղափոխվել, իսկ նրանց բուժումը վճարում է մեդիամագնատին պատկանող News International ընկերությունը: Ինքնասպանության փորձ անող լրագրողներն իրենց խմբագրություններում պատասխանատու պաշտոն են զբաղեցրել, նրանց անունները եւ պաշտոնները չեն հայտնվում:
Ընդհանրապես Մերդոքի բրիտանական բոլոր թերթերի աշխատակիցները հետաքննության պատճառով ուժեղ սթրեսի մեջ են գտնվում: Նրանք կարծում են, որ ներքին հետաքննական հանձնաժողովը դավաճանել է իրենց` քննիչներին տրամադրելով սադրիչ նյութեր, որոնք ամենայն հավանականությամբ շատ լրագրողների կարող են բանտ հասցնել: Ընկերության ղեկավարությունն իր աշխատակիցներին առաջարկել է հոգեբանների անվճար օգնություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ News of the World ընկերության շուրջ աղմուկը սկսվել էր անցյալ ամռանը, երբ պարզվել էր, որ լրագրողների համար սովորական է եղել գաղտնալսել ոչ միայն հայտնի մարդկանց հեռախոսները, այլեւ սովորական բրիտանացիներինը` հանցավորության զոհերինը: Բացահայտվել էր նաեւ հրատարակության համագործակցությունը մի քանի ոստիկանների հետ` տեղեկություններ ստանալու նպատակով:




























