Երեք տարվա հնության հավի մսից պատրաստված  ուտեստը, որն իր ձեւով հիշեցնում է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի կիսադեմը, eBay համացանցային աճուրդում վաճառվել է 8100 դոլարով:

Նեբրասկա նահանգի Դաքոթա Սիթի քաղաքից ամերիկուհի Ռեբեքա Սփեյթը հավի այս կտորը գտել էր դեռեւս 3 տարի առաջ իր երեխաների հետ տեղի McDonald`s այցլելու ժամանակ: Նա արդեն պատրաստվելիս է եղել դեն նետել երեխաների կողմից անտեսված հավի մսի կտորը, երբ նկատել է, որ «իրեն է նայում Ջորջ Վաշինգթոնը»: Այն ուղարկվել է սառցարան` սպասելու իր աստղային ժամին: Նրա  մասին հիշել են, երբ Սիու Սիթիի եկեղեցին միջոցներ է սկսել հավաքել երեխաներին ամառային ճամբար ուղարկելու նպատակով:

Աճուրդը, որի դիտումների թիվը կազմել է 44795, ավարտվել է մարտի 5-ին ` առավոտյան 11:30-ին: Ռեբեքա Սփեյթը հրաժարվել է ասել, թե որտեղ է ապրում հավի կտորի նոր տերը, գրում է NEWSru.com-ը: