Բենղազիի` Կիրենաիկի շրջանի համար ինքնավարության պահանջին ի պատասխան` Տրիպոլին սպառնացել է ուժ կիրառել: Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ ԱԱԽ-ն պատրաստ է ուժ կիրառել երկրի միասնության պահպանման համար:
«Մենք չենք պատրաստվում բաժանել Լիբիան»,-հայտարարել է ԱԱԽ-ի ղեկավարը եւ կոչ արել արեւելյան շրջանի բնակչությանը բանակցություններ սկսել: Նա նշել է, որ ինքնավարություն հռչակած առաջնորդների շարքում կան մարդիկ, ովքեր համագործակցում են Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ, որոնք երազում են իրադրության ապակայունացման մասին: Դրա հետ մեկտեղ անջատողական տրամադրություններ են հրահրում մի շարք արաբական երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Լիբիայի արեւելքում նավթով հարուստ շրջանը` Բենղազի կենտրոնով, որ տարածվում է Սիրտ նեղուցի ափին, հռչակվել է Բարկա ինքնավար տարածաշրջան: Նման որոշում են կայացրել Կիրենաիկա պատմական շրջանի ցեղերի ավագներն ու զինված խմբավորումների առաջնորդները:




























