Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Տիկահիտո Հարադան Ճապոնիայի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է.

«Մեկ տարի է անցել 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից: Ողբերգության տարելիցին մենք նորից աղոթում ենք զոհերի հոգիների հանգստության համար եւ անկեղծ երախտագիտություն ենք հայտնում այն հսկայական  նյութական եւ բարոյական օգնության համար, որը ստացանք Հայաստանից եւ նրա քաղաքացիներից  այդ ողբերգական օրերին:

Ստանալով Հայաստանից եւ աշխարհի մյուս երկրներից նման ջերմ օգնություն, Ճապոնիան սկսեց արագորեն գնալ վերածնման եւ նոր կյանքի ճանապարհով:  Տուժած շրջանների ենթակառուցվաքծներն ու տնտեսությունները վստահորեն վերականգնվում են:  Մյուս շրջաններում կյանքը բնականոն հուն է վերադարձել: Օգտվելով առիթից` կցանկանայի նշել, որ ամբողջությամբ վերականգնվել են առաքման ցանցերը եւ բիզնեսի, ուսման, զբոսաշրջության համար խոչընդոտներ չկան: 

Այդ երկրաշարժը Ճապոնիային մեծ ցավ բերեց: Միաժամանակ`այն եւս մեկ անգամ ցույց տվեց ճապոնացիների` ուժերն արագ վերկանգնելու ունակությունը, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ բարեկամական հարաբերությունների կարեւորությունը:

Մենք մտադիր ենք պահպանել այդ հարաբերությունները եւ աշխատել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խորացման ուղղությամբ` անցկացնելով տարբեր հոբելյանական միջոցառումներ Ճապանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ, որը նշվում է 2012թ-ին: Բացի այդ, մենք ջանքեր կներդնենք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում` տնտեսական համագործակցության ճանպարհով»: