Էստոնիայում մարտի 7-ին սկսվել է ուսուցիչների ու մանկապարտեզների դաստիարակների համապետական գործադուլը: Դրան, ընդհանուր առմամբ, մասնակցում են կրթության ոլորտի 15 հազար աշխատակիցներ, որոնք աշխատավարձերի բարձրացում են պահանջում:

Դպրոցներն անվանապես բաց են, սակայն աշակերտներն, իմանալով գործադուլի մասին, չեն եկել պարապմունքների: Որոշ դպրոցներում գործադուլավոր ուսուցիչներին փոխարինել են ավագ դասարանցիները, որոնց դպրոցի ղեկավարությունն ուսումնական ծրագրեր է տվել:

Գործադուլ անող հարյուրավոր ուսուցիչներ հանրահավաք են կազմակերպել Տալլինում:

Էստոնիայի կրթության նախարարությունը խոստացել է ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 600 եվրոյից 2013-ին դարձնել 700 եվրո, սակայն ուսուցիչներն այս տարի են բարձրացում պահանջում: