Թեեւ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր` մարտի 7-ին, բարձրացել է երեկվա համեմատ, սակայն առկա են դոլարի էժանացման նշաններ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 390.17 դրամ` նախորդ օրվա 1դոլար/390 դրամի համեմատ: Սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն զգալի էժանացել է` առաջարկվելով 1դոլար/389.50 փոխարժեքով: Հավանաբար` դա հետեւանք է ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացրած ինտերվենցիայի` բորսայում վաճառվել է 9.55 մլն դոլար, իսկ առեւտրային նստաշրջանի սկզբում դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 390.60 դրամ:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մարտի 8-ին շուկայում նկատվում է դոլարի մեծ ներհոսք, ու դա հնարավոր է` նույնիսկ ազդի փոխարժեքի վրա (դրամը ժամանակավորապես ամրապնդվում է): Սակայն շատ բան կախված է նաեւ շուկայի ընթացիկ իրավիճակից:

Հավանաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, առեւտրային բանկերը կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ չեն թանկացրել: Առավել տարածված է հետեւյալ մարժան` փոխանակման կետերը դոլար գնում են 389 դրամով, վաճառում` 391 դրամով: