Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր` մարտի 7-ին, ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը, նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն, եւ ֆինանսական ոլորտում:

Դեկամպը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ՎԶԵԲ միջեւ վերջին տարիներում ծավալված համագործակցության համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը եւ ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը եւ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում ներկայիս համագործակցության հետագա խորացման համար: Օլիվյե Դեկամպը ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը եւ գերակա ուղղությունները:

Պարոն Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, եւ ասել, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը նույն կառուցողական ոճով: