Ավերիչ երկրաշարժը Ճապոնիայում, որ տեղի է ունեցել 2011թ. մարտին, այժմ կարելի է լսել, ամերիկյան գիտնական Չժի Գան Պենը սեյսմիկ ալիքները ձայնային տատանումների է վերածել: Այդկերպ սեյսմոլոգները նոր գործիք են ստացել, որը թույլ կտա ավելի լավ նույնականացնել սեյսմիկ տատանումների տարբեր տիպերը:
Նշենք, որ 9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում, 2011թ. մարտի 11-ին: Դրան հետեւել էր ցունամին, որի ալիքների բարձրությունը տեղերում հասել է 30-40 մետրի: Զոհվել կամ անհետ կորել են 19 հազար մարդ:
«Երկրաշարժի ձայները կարող են հիշեցնել բոլորիս հայտնի ձայները, ինչպես ամպրոպի ձայնը, փոփ-քորնի ցորնահատիկների պաթյունը եւ հրավառության ձայնը»,- ասել է Չժի Գան Պենը:
Մարդկային ականջն ունակ է տարբերել ձայներ 20 հերցից մինչեւ 20 կիլոհերց, սեյսմիկ տատանումների դիապազոնն ավելի ցածր է:
Պենն ու իր կոլեգաները պարզապես արագացրել են սեյսմիկ տատանումների ձայնագրությունը, արդյունքում հաճախականությունը բարձրացել է մինչեւ ձայնի մակարդակի:
Ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես տեկտոնական սալի գլխավոր ցնցումից հետո սալերը նոր դիրք են զբաղեցնում, այդ գործընթացը կարող է շարունակվել տարիներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:











