Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիա կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արեւելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:

ՀՀ նախագահը եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, վերադառնում է Երեւան: