Հայ կանանց եւ աղջիկների ցանկությունները տարեցտարի փոխվում են: Նախկինում ծաղիկներ, օծանելիք, ռեստորան գնալ ցանկացող կանայք այժմ ուրիշ բաներ են ցանկանում, ավելի ստեղծագործ եւ համարձակ: Այս են ցույց տալիս NEWS.am-ի հարցումները կանանց շրջանում:

Այսպես, մեքենաների սիրահար աղջիկները, օրինակ` հարցմանը մասնակցած  38-ամյա Աննան, մարտի 8-ի կապակցությամբ կցանկանար Ferrari նվեր ստանալ, իսկ 21-ամյա Լուսինեն` բորդո գույնի Mazda 6: Իր ցանկությունների մեջ ավելի համեստ էր հարցմանը մասնակցած Անահիտը, ով  ընդամենը երեկ ցուցափեղկում տեսած գեղեցիկ զգեստն է ցանկանում ունենալ, իսկ Նատաշան` նռնաքարե վզնոց: Գոհարն էլ ցանկանում է, որ իրեն մերսման կուրս նվիրեն:

26-ամյա Լիլիթի ցանկությունների «դիապազոնը» բավական մեծ էր. նա կամ  կցանկանար մեկ ժամով հայտնվել Իսպանիայի ծովափնյա քաղաքներից մեկում, կամ էլ Հայաստանի գիշերային ակումբներից մեկում: Գիշերային ակումբում հայտնվելիս նա պատրաստվում է վայելել տարբեր ազգերի ներկայացուցիչների մերկապարը, որպեսզի ապագայում կողմնորոշվի, թե իր ամուսնուն հունվարի 28-ի կապակցությամբ որ ակումբ հրավիրի: 32-ամյա Արմինեն ցանկանում է, որ մարտի 8-ին իրեն աղջիկները չշնորհավորեն, այլ միայն հակառակ սեռի ներկայացուցիչները եւ նվիրեն ոչ թե «ցելոֆանի մեջ փաթաթած մեկ վարդ», որովհետեւ դա իր դպրոցական տարիներն է հիշեցնում, այլ` Լոնդոն մեկնելու տոմս: Անին էլ «Ռեալի» ապագա խաղերից մեկի ներկա գտնվելու տոմս է ցանկանում:

26-ամյա Սոնան մարտի 8-ի կապակցությամբ ժամանակ է ցանկանում մեկի գրկում լինելու, նրա հետ ժամանակ անցկացնելու, սիրվելու համար, իսկ որպես նյութական նվեր չէր հրաժարվի 7-օրյա ծովափնյա հանգստի ուղեգրից: Իսկ 23-ամյա Վարդուհին ցանկանում է, որ սիրելի տղան սթրիփթիզ պարի իր համար:

21-ամյա Միլենան էլ ցանկանում է, որ մարտի 8-ի կապակցությամբ  հայտնվի հրաշագործ Ջինը եւ միանգամից իրագործի մի քանի ցանկություններ: