Մեծ հավանականություն կա, որ Գուբայի իրադարձությունները կարող են կրկնվել նաեւ Ադրբեջանի 4 այլ շրջաններում` Զաքաթալայում, Սալյանում, Ղարադաղում եւ Գոյչայում, քանի որ այստեղ եւս բնակչությունը մեծապես դժգոհ է տեղի գործադիր իշխանության ղեկավարներից: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Նշվում է, որ հիմնականում սոցիալական ցանցերում ակտիվացած քաղաքացիները ծրագրում են մոտ ժամանակահատվածում խոշոր ակցիա կազմակերպել Զաքաթալայում:

«Դրությունը ծանր է: Զաքաթալայի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Ահմեդովը ծծում է մարդկանց արյունը: Շրջանում աշխատատեղեր չկան, եկամտի միակ աղբյուրը պնդուկի արտադրությունն էր, իսկ ղեկավարը յուրացրել է դրա արտադրությամբ զբաղվող բոլոր գործարանները: Նրան եւ նրա բարեկամներին պատկանող գործարանում պնդուկն էժան են գնում, իսկ մյուս տեղերում վաճառել հնարավոր չէ: Վերջին 7 տարվա մեջ երեք անգամ ղեկավար ենք փոխել: Սակայն նրանցից ոչ մեկը բնակիչների մասին հոգ չի տարել»,-նշում են շրջանի բնակիչները սոցիալական ցանցերում:

Բաքվին սահմանակից Սալյանի շրջանի ակտիվիստները հաղորդագրություն են տարածել` կոչ անելով գործադիր իշխանության տեղական ղեկավար Թահիր Քերիմովից դժգոհ քաղաքացիներին մարտի 10-ին հավաքվել եւ ակցիա կազմակերպել:

Նման դրություն է ստեղծվել նաեւ Ղարադաղում եւ Գոյչայի շրջանում, որտեղ եւս սոցիալական բնույթի մեծ դժգոհություն է առկա տեղի կառավարիչներից, եզրափակում  է թերթը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Ավելի ուշ գործադիր իշխանության ղեկավարը հրաժարական է տվել եւ հեռացվել պաշտոնից: