Արագածոտնի մարզում, այսօր` մարտի 7-ին, ժամը 12.38-ին, ահազանգ է ստացվել, որ Ձորագլուխ գյուղում վատառողջ մարդ կա, ում անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով հոսպիտալացումը հնարավոր չէ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13.13-ին Ապարան քաղաքից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ «1-03» ծառայության բրիգադը: Ժամը 13.25-ի սահմաններում փրկարարները հասել են Վարդենիս գյուղի մոտ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած 4 կմ ճանապարհը փրկարարներն անցել են ոտքով:
Պարզվել է, որ հիվանդին տեղի ուժերով տեղափոխել են Թթուջուր գյուղ: Ժամը 13.40-ին հրշեջ-փրկարարները 39-ամյա Ասքանազ Սարգսյանին երիկամային սուր ցավերով Թթուջուր գյուղից պատգարակով հասցրել են Վարդենիս գյուղ, որտեղից էլ 14.10-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:
Հիվանդի վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:




























