Ռուսաստանը տեղեկություն է ստացել այն մասին, որ Լիբիայի տարածքում գործում են վարժանքային ճամբարներ, որտեղ պատրաստություն են անցնում սիրիացի ապստամբները: Հետագայում նրանք վերադառնում են մայրաքաղաք` Սիրիայի օրինական իշխանության դեմ զինված պայքար մղելու համար: Ճամբարները ստեղծվել են լիբիական իշխանությունների օժանդակությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նա այդ քաղաքականությունն անընդունելի է համարել եւ ընդգծել, որ այն խախտում է կայունությունն ամբողջ Մերձավոր Արեւելքում, հաղորդում է «7 նովոստեյ»-ը:
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ տեղեկություններ ունի Սիրիայում «Ալ-Կաիդայի» աճող ակտիվության մասին: «Այդ իրավիճակում հարց է ծագում, թե արդյոք հեղափոխության ներմուծումը չի՞ վերածվում ահաբեկչության ներմուծման»,-ասել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ Լիբիայի կառավարությունը Բաշար Ասադին հայտարարել է ոչ լեգիտիմ նախագահ եւ Սիրիայի միակ օրինական իշխանություն է ճանաչել ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը:



























