ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կանգնել է գեյերի, լեսբուհիների բիսեքսուալների ու տրանսսեքսուալների թիկունքին:
Նա կոչ է արել դադարեցնել նրանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը, նշելով, որ սեռական կողմոնոշման հողի վրա խտրականությունը միջազհային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հաղորդում է «ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստաշրջանի պատգամավորները մարտի 7-ին զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի վարչություն` «Խտրական օրենքները, պրակտիկան եւ բռնության դեպքերը սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության պատճառով» թեմայով:
Փաստաթղթում նշվում է, որ աշխարհի բոլոր երկրներում, առանց բացառության, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները սպանությունների, բռնության, թունավորումների, հետապնդման եւ խտրական վերաբերմունքի զոհ են դառնում:
Բան Կի-Մունը հայտարարել է, որ պետությունները պետք է պայքարեն նման խտրականության դեմ ու հրաժարվեն ոչ ավանդական սեռական հարաբերությունների քրեականացումից: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ այդ մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք գոյություն ունի հասարակություններում:
«Լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին ու տրանսսեքսուալներին ես ուզում եմ ասել. «Դուք մենակ չեք, բռնությունները դադարեցնելու եւ խտրականության դեմ ուղղված ձեր պայքարը մեր ընդհանուր պայքարն է: Ձեր դեմ ուղղված յուրաքանչյուր հարձակում հարձակում է ՄԱԿ-ի համամարդկային արժեքների դեմ: Այսօր ես ձեր հետ եմ եւ կոչ եմ անում բոլոր երկրներին ու ժողովուրդներին հանդես գալ ձեր պաշտպանության օգտին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Ռոսբալտը»:




























