Ստեղծվել է լեգենդար «Տիտանիկի» բեկորների տեղակայման ամբողջական եւ մանրամասն քարտեզը: Գիտնականները կարծում են, որ դա լույս կսփռի  XX դարասկզբի մեծագույն ողբերգության վրա:

Իր դարաշրջանի համար խոշորագույն զբոսանավի բեկորները գտնվում են օվկիանոսի հատակի մի հատվածում, որի չափսերը  հինգ կիլոմետրը ութի հարաբերակցությամբ են: 2010 թվականի ամռանը հետաքննություն անցկացրած ուսումնասիրողները հիդրոակուստիկ պատկերման տեխնոլոգիա են կիրառել, ինչպես նաեւ հատակի ավելի քան 100 հազար լուսանկարներ, որոնք արվել էին հատուկ ռոբոտների կողմից:

Այն մասին, թե ինչ նոր տվյալներ են ստացել մասնագետները, կպատմվի ապրիլի 15-ին` ողբերգությունից ուղիղ 100 տարի անց,  ամերիկյան History հեռուստաալիքով երկժամյա փաստագրական ֆիլմում, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

«Տիտանիկն» իր առաջին եւ վերջին ճանապարհորդությունը կատարել է  1912 թվականի ապրիլին, Եվրոպայից դեպի Ամերիկա, տախտակամածին եղել է ավելի քան 2,2 հազար մարդ: Չորրորդ օրվա ավարտին զբոսանավը ճանապարհին բախվել է հսկա սառցաբեկորին եւ խորտակվել ապրիլի 15-ին: Ողբերգության հետեւանքով զոհվել է 1400 մարդ: