Apple ընկերությանն արգելել են Eastman Kodak-ի հետ դատավարությունը: Նման որոշում է կայացրել ամերիկյան դատավորը, որը կարծում է, որ անտեղի կլինի թույլ տալ Apple-ին շարունակել դատավարությունը սնանկացած ընկերության հետ: Դատավորը նաեւ մերժել է Apple-ի հայցը Kodak-ի նկատմամբ եւս մի քանի արտոնագրային թեմաներով, հայտնում է Reuters-ը:
Apple-ը արտոնագրային հայց է ներկայացրել Kodak-ի դեմ 2010 թվականին` լուսանկարչական սարքերի արտադրողին մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման մեջ: Apple-ն սկսել է Kodak–ի հետ դատավարությունն այն բանից հետո, երբ Kodak-ի իրավաբաններն իրենք են դիմել դատարան` բողոքելով Apple-ի եւ Research in Motion-ի դեմ` նրանց մեղադրելով iPhone եւ BlackBerry սմարթֆոններում պատկերների դիտման տեխնոլոգիայի ընդօրինակման համար:
XX դարավերջին լուսանկարչական սարքերի եւ ժապավենների առաջատար Kodak ընկերությունը 2012 թվականի հունվարին ԱՄՆ-ի սնանկացման մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն հայտ է ներկայացրել վարկատուներից պաշտպանվելու համար: Դրանից հետո ընկերությունը հրաժարվել է գրպանի տեսախցիկների, թվային խցիկների եւ լուսանկարների շրջանակներ արտադրելուց:




























