NEWS.am-ը մեջբերում է Չենգիզ Աքթարի թուրքական «Today`s Zaman» թերթում տպագրված հոդվածը որոշ կրճատումներով.
«Ադրբեջանն այն երկիրն է, որին Թուրքիան լավ է ճանաչում: Այն թյուրքական «Բալկաններից մինչեւ Չինաստան» աշխարհի մի մասն է, որը մեզ համար բացահայտեցինք սառը պատերազմի տարիներին: Ես լավ եմ հիշում Մոլդովայում հայտնված քրիստոնյա գագաուզ թյուրքերի առնչությամբ եղած թերահավատությունը: Շատ շուտով պարզվեց, որ միայն էթնիկ արմատները բավարար չեն արեւելյան եղբայրների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Վերջերս ավարտված գների քարտեզագրումը ցույց տվեց, որ մենք մեր էթնիկ ազգականների հետ ընդհանուր բաներ այնքան էլ չունենք: Նաեւ պարզվեց, որ գենետիկական նմանություններ ունենք Անատոլուի ոչ թյուրք բնակչության հետ:
Ռուսաստանն իր հերթին փորձում է այդ շրջաններում վերականգնել Խորհրդային Միության փլուզումից հետո կորցրած իշխանության գոնե մի մասը: Այն տարածաշրջանում կարողացել է որոշակի վերահսկողություն հաստատել, բացառությամբ Վրաստանի եւ Բալթիական երկրների: Թուրքական ազդեցությունն արաբական աշխարհում համաբանությունը չունի Կովկասում: Ընդհակառակը, Թուրքիայի վրա ազդեցությունը հաստատում է կովկասյան երկիրը` Ադրբեջանը:
2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունը համարձակ նախաձեռնություն էր: Դա նշանակում էր, որ 90 տարվա մեջ առաջին անգամ թուրքական պետությունը փորձել է գնալ այլ ուղղությամբ: Սակայն ավելի կարեւոր էներգետիկ պահանջները Թուրքիային ստիպեցին նախընտրել Ադրբեջանին: Այդ նույն ժամանակ ծագեց նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:
Լեռնային Ղարաբաղի հարցով պայքարն Ադրբեջանի «հաղթանակից» հետո ավելի մեծ թափ ձեռք բերեց, եւ այդ հարցն ստացավ ադրբեջանական հասարակության աջակցությունը: Փետրվարի 26-ի ցույցն այդ ջանքերի գագաթնակետը դարձավ: Ցույցին աջակցում էր վարչապետը, եւ դա հանգեցնում է այն մտքին, որ Թուրքիայի կողմից տարվող հայկական ավանդական քաղաքականությունն ավելի ուժեղ է, քան երբեւէ: Եվ կարելի է եզրակացնել, որ Թուրքիան ամբողջապես Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի եւ հայերի նկատմամբ իր քաղաքականությունը:
Մենք այդ մասին գրել ենք ամիսների ընթացքում: Շնորհիվ իր վերջին տնտեսական եւ դիվանագիտական հարաբերական հաջողություններին` Թուրքիան ավելի ինքավստահ երկիր է թվում: Սակայն իրերի ընթացքի դասավորությունը ոչ մի լավ բան չի գուշակում: Օրինակ` անցյալ տարվա ապրիլի 24-ին զինվոր Սեւակ Բալըքչի սպանությունը, Հրանտ Դինքի գործով զայրացնող դատավճիռը, ոչ մահմեդականների նկատմամբ սադրանքների կտրուկ ավելացումը, «հաղթանակի» տրամադրությունը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո, իսկ այժմ էլ` փետրվարի 26-ը»:



























