Սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Հայնշթեյնը եւ Մարկ Քիրքը պահանջել են, որպեսզի Թուրքիան վերադարձնի  հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատություն ապահովի:

Սենատորները բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ են արել Թուրքիայի վրա ճնշում գործադրել, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձեւի նախագիծը ամենից առաջ Թուրքիային կոչ է անում վերադարձնել քրիստոնեական բոլոր բռնագրավված եկեղեցիները եւ գույքը, այդ թվում` «մատուռները եւ այլ պաշտամունքային վայրեր, մենաստանները, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբատեղիները եւ սեփականության այլ տեսակներ, այդ թվում` շարժական գույքը, արվեստի գործերը, ձեռագրերը, հանդերձանքները, անոթները եւ ձեռքի այլ աշխատանքներ»:

Նրանք Թուրքիային նաեւ կոչ են արել չխոչընդոտել հայկական եւ հունական համայնքների կրոնական կրթությանը, ինչպես նաեւ հանդիպումների, կրոնական հավաքների եւ միջոցառումների անցկացմանը: 

Ավելի լայն իմաստով բանաձեւը Թուրքիայի կառավարությանը կոչ է անում կատարել իր միջազգային պարտականությունները` քրիստոնյաների իրավունքների եւ կրոնական ազատության նկատմամբ բոլոր տեսակի  հետապնդումները  վերացնելու առումով:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը շնորհակալությունն է հայտնել սենատորներին: 

Նման բանաձեւի նախագիծ արդեն ներկայացվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Անցյալ տարվա դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը Թուրքիային կոչ էր անում վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների գույքը, որը նա սեփականաշնորհել էր Ցեղասպանության ճանապարհով, ինչպես նաեւ դադարեցնել ճնշումները ողջ մնացած քրիստոնեական խոշոր քաղաքակրթությունների անդամների նկատմամբ,  որոնք ինչ-որ ժամանակ ժամանակակից թուրքական հանրապետության տարածքում մեծամասնություն էին կազմում: