Արտաշատ քաղաքի «Արտաշատ» հյուրանոցում այրված վիճակում հայտնաբերված տղամարդը 61-ամյա Աշոտ Վարազդատի Բաբայանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետ՝ Արամ Հովհաննիսյանը:
Ճշտող հարցին, թե արդյոք պարզվել է կատարվածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, ոստիկանության Արտաշատի բաժանմունքի պետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց. «Սա ոչ սպանություն է, ոչ էլ ինքնասպանություն: Քրեական գործ չի հարուցվի, քանի որ կատարվածը պարզապես դժբախտ պատահար է»:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ այրված տղամարդը ընտանիք ունի, սակայն բաժանված է կնոջից եւ երկար տարիներ է, ինչ միայնակ է ապրում: Ավելին` նա հարբեցողությամբ է զբաղվել ու բնակվել չգործող հյուրանոցի կիսավեր սենյակներից մեկում: Իսկ այդ սենյակում ընդամենը 1 վերմակ է ունեցել անկողնու հետ միասին: Ձմռան ամիսներին էլ այստեղից-այնտեղից վառելիք, դիզվառելիք է հայտնաբերել, որպեսզի սենյակը մի թեթեւ տաքացնի, որ չցրտահարվի, արդյունքում դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Ավելի NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 7-ին, Արտաշատ քաղաքի «Արտաշատ» հյուրանոցում 61-ամյա մի տղամարդու այրված դիակ է հայտնաբերվել` անկողնու մոտ նստած վիճակում: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքելով, որ այրված դիակ է հայտնաբերվել` վստահեցրել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ի դեպ, նշենք, որ «Արտաշատ» հյուրանոցը չի գործում:




























