Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պարտադիր մասնակցելու է Ազգային Ժողովի ընտրություններին: Այս մասին այսօր փետրվարի 9-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ մասնակցության ձեւաչափը դեռ որոշված չէ` կմասնակցեն միայնա՞կ, թե՞ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության հետ դաշինքով: Նրա փոխանցմամբ` հստակությունը կմտցվի միայն մարտի 10-ին: Կուսակցությունը, թեեւ 20 հազար ընկեր եւ հետեւորդներ ունի, ովքեր աշխատելու են ի օգուտ իրենց կուսակցության, սակայն ֆինանսական դժվարություններից ելնելով, մեծամասնականով թեկնածուներ չի առաջադրի: Ավելին` դեռ չի լուծվել նաեւ համամասնական ընտրակարգով մասնակցության համար պահանջվող 8 միլիոն դրամի ընտրագրավի հարցը: Ռուբեն Թովմասյանի խոսքով, իրենց հույսը կուսակցության շրջանային կոմիտեների ջանքերով կազմակերպված հանգանակություններն են: Իսկ, եթե չհավաքվեց, այլ ուղիներով են փորձելու 8 միլիոն դրամը հավաքել:



























