Նյու Յորքի հանրահայտ Կարնեգի հոլլի համերգային դահլիճում մարտի 30-ին բացառիկ երաժշտական երեկո կկազմակերպվի` հայազգի երկու տաղանդավոր երաժիշտների` թավջութակահարուհի Մարթա Բագրատունու եւ դաշնակահար-կոմպոզիտոր Հայկ Արսենյանի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «The Armenian Weekly»-ին, «Երաժշտական Հայաստան» անվանումով այս նախագիծն անցակացվում է Հայ առաքելական եկեղեցու Նյու Յորքի թեմի հովանու ներքո: Նախագիծը մեկնարկել է 1982թ-ին` հանրությանը ներկայացնելու տաղանդավոր հայ երաժիշտներին, ինչպես նաեւ խրախուսելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը:Մարթա Բագրատունին, ով հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունու դուստրն է, 2010թ-ին գերազանցությամբ ավարտել է Միչիգանի համալսարանը եւ ներկայումս ուսանում է թավջութակի եւ վոկալի բաժնի մագիստրատուրայում:
Ծնունդով հայաստանցի դաշնակահար եւ կոմպոզիտոր Հայկ Արսենյանը մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Ներկայումս նա դասավանդում է Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցում:



























