Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն հայտարարել է, թե փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի իրադարձությունների հիշատակմանը նվիրված միջոցառման կարգախոսները չեն արտահայտում ոչ Թուրքիայի քաղաքականությունը, ոչ էլ թուրք ժողովրդի զգացմունքները։

Թուրքական Pressturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Թունիս ուղեւորվելու ժամանակ օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ փետրվարի 26-ին Ստամբուլում տեղի ունեցած ցույցի կարգախոսներին։ Գյուլը նշել է, թե այդ կարգախոսները ամոթալի է համարում։  Նա պնդել է, թե այդ կարգախոսները տեսնեողները պետք է անմիջապես իջեցնեին այն։

«Սակայն պետք է տարանջատենք միջոցառման մասնակիցներին եւ այդ կարգախոսները պարզողներին։ Չեմ կարծում, որ ներքին գործերի նախարարը ելույթի ժամանակ տեսել է այդ կարգախոսները։ Եթե նա տեսներ, կմիջամտեր»,- ասել է Աբդուլլահ Գյուլը։