Աբխազիայի խորհրդարանում, որը կձեւավորվի մարտի 10-ի ընտրությունների արդյունքում, հայերը 3 տեղ կզբաղեցնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Աբխազիայի հայերի միության (ԱՀՄ) նախագահ Խաչիկ Մինոսյանը: Նրա խոսքով` Աբխազիայում հատուկ պայմանավորվածություն կա, ըստ որի հայ ազգի ներկայացուցիչները պետք է առաջադրվեն երեք շրջաններում: Հայերին այդ շրջաններից դուրս չեն թույլատրում առաջադրվել, բայց այլ ազգերի ներկայացուցիչներին էլ չեն թողնում առաջադրվել «հայկական» շրջաններում:
Հարցին, թե ով ավելի մեծ հնարավորություններ ունի հանրապետության խորհրդարան անցնելու, զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, չէի ցանկանա առաջ ընկնել: Աբխազիայի հայերի միության առաջադրված բոլոր անդամները կիրթ, դաստիարակված, լավ մարդիկ են: Իհարկե, ոմանց հնարավորություններն ավելի մեծ են, ոմանցը` ոչ այնքան, բայց ավելի լավ է սուրճի մրուրով կանխատեսումներ չանեմ, այլ վաղը շնորհավորեմ հաղթողներին»:
Խաչիկ Մինոսյանը նշեց, որ այսօր Աբխազիայի հայ համայնքի խնդիրը լավ թիմ ձեւավորելն ու արդար, թափանցիկ ընտրություններին մասնակցելն է:
Նշենք, որ մարտի 10-ին Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են: Հանրապետությունում ձեւավորվել է 35 ընտրատարածք: Պատգամավորական 35 տեղերին հավակնում է 150 թեկնածու: Հայկական են թիվ 12, թիվ 20 եւ թիվ 22 ընտրատարածքները: Ներկա պահին հայտնի են հայ թեկնածուներից հետեւյալների անունները. Մարկոսյան Արտաշ Գեորգիի, Յայիլյան Ռոբերտ Հայկազի, Քոսյան Վաղարշակ Արամի, Մայրոմյան Լեւոն Մերուժանի, Տրապիզոնյան Գալուստ Փառնակի:



























