Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պարգեւատրման նախագիծ է ներկայացրել, ըստ որի,  PKK-ի ղեկավարության, անդամների նրանց թաքստոցների մասին տեղեկություններ հայտնողները դրամական պարգեւներ կստանան։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված նախագծում նախատեսվում է 4-ական մլն լիրա (2,3 մլն դոլար) վճարել այն անձանց, ովքեր կօգնեն ձերբակալել PKK-ի ղեկավար կազմի 50 անդամներից որեւէ մեկին։ Այդ 50 հոգանոց ցուցակում են գտնվում Մուրադ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը, Ֆեհման Հուսեյնը եւ այլոք։

Նշվում է, որ PKK-ի 50 հոգանոց ղեկավար կազմից 20 հոգին գտնվում են Եվրոպայում, մյուս մասը Թուրքիայում եւ Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում։ Հիշյալ նախագիծը ուսումնասիրման համար ուղարկվել է կառավարություն։