Գյումրիում Տիգրանուհի Գեւորգյանին շատերն են ճանաչում: Նա Շիրակի մարզի միակ կին տաքսիստն է: Կանանց միամսյակի կապակցությամբ NEWS.am-ը որոշեց անդրադառնալ նաեւ նրան:

Տիգրանուհի Գեւորգյանը տաքսի է վարում արդեն 13 տարի: Մինչ այդ, գյումրեցի տաքսիստն աշխատել է գուլպայի ֆաբրիկայում, ապա, դուրս գալով աշխատանքից, որոշել է մեքենան դարձնել տաքսի ու շարունակել հոր գործը: Ու այսպես արդեն 13  տարի: 65-ամյա կին տաքսիստի խոսքով` ինքը սիրով է կատարում իր աշխատանքը, քանի որ դժվար, բայց միեւնույն ժամանակ հետաքրիր աշխատանք է.

«Մութ ժամանակ կնստին, կասեն բարեւ ախպեր ջան, բարեւ վարպետ ջան, հետո կտեսնին օր կին եմ, կասեն կներես…»,- ուրախությամբ է հիշում է կին տաքսիստը  ու շարունակում, որ իր գործում երբեւե խնդիրներ չեն եղել. «Երբեք, համարյա,  90 տոկոսը ճանաչում են քաղաքում, էն ամենագինովցած մարդն անգամ նստել է ու որեւիցէ անգամ թույլ չի տվել որեւէ ավելորդ խոսք կամ բառ»:

Մասնագիտությամբ գուլպայագործ կինը, որն այսօր ճակատագրի բերումով դարձել է տաքսու վարորդ, չի բողոքում իր ճակատագրից: Իրեն համարելով երջանիկ մարդ, փառք է տալիս Աստծուն ու շարունակում երթեւեկել քաղաքով, շտապում է ավարտել հարցազրույցն ու արագ հասնել անհատական ուղեւորներին, որոնք տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ են:  

Գյումրեցի միակ կին տաքսիստը թեպետ այդպես էլ չբացահայտեց, թե օրական որքան գումար է վաստակում, սակայն չբողոքեց իր աշխատածից, նշելով, որ ինքը այսպես էլ է երջանիկ:

Պատրաստեց Էդվարդ Արզումանյանը


Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի