Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ռուսաստան է ժամանել, որպեսզի անձամբ շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահ ընտրվելու կապակցությամբ: Բեռլուսկոնին Սոչի է ժամանել, որտեղ հանդիպել է առայժմ նախագահ Մեդվեդեւի եւ առայժմ վարչապետ Պուտինի հետ:
Վարչապետի եւ նախագահի կայքերում այցի նպատակի մասին ոչինչ չի ասվում, հաստատվում է միայն այցի փաստը, ինչպես նաեւ տեղադրված են հանդիպման լուսանկարները, որը տեղի է ունեցել մարտի 8-ին Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստյան գոտում:
Իտալական լրատվամիջոցները նշում են, որ Պուտինի եւ Բեռլուսկոնիի հանդիպումն ինչպես միշտ անցել է գաղտնիության մթնոլորտում: Լրատվամիջոցները որպես նրա այցի նպատակ են նշում Պուտինին անձամբ շնորհավորելու ցանկությունը:
«Այդ հատուկ հարաբերությունների ողջ ընթացքում Բեռլուսկոնին եւ Պուտինն զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ, սակայն միշտ հանդիպման պատրվակ գտել են. նրանք խորհրդակցել են միմյանց հետ, նրանց հարաբերություններում ներդաշնակություն է եղել անկախ պաշտոնական պարտականություններից կամ կասկած հարուցող անձնական նպատակներից», - գրում է իտալական հրատարակություններից մեկը, հայտնում է NEWSru.com-ը:


























