Միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության եմենյան կառույցի առաջնորդներից մեկը` Մոհամեդ ալ Հանիքը, մարտի 4-ին վախճանվել է հիվանդության հետեւանքով:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ահաբեկիչը, որին երկրպագուները «իմաստուն» եւ «ջիհադի շեյխերից մեկը» կոչումներով էին մեծարում, վախճանվել է մարտի 4-ին: Բացի դրանից, սպանվել են նրա երկու որդիները: Մեծը` Օմարը, սպանվել է Իրաքում, իսկ երկրորդ որդին` Նուրուդինը, ամերիկյան եւ եմենյան զինվորականների օդային հարվածի զոհ դարձել:
Ենթադրվում է, որ ալ Հանիքն է կանգնած եղել այն սպառնալիքների հետեւում, որոնք 2010 թվականի հունվարին Եմենի մայրաքաղաք Սանայում հանգեցրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի դեսպանատները մի քանի օրով փակելուն: Հենց այն ժամանակ էլ եմենյան իշխանությունները հայտնել էին նրան բռնելու, նրա մահվան մասին, սակայն հետագայում այդ տեղեկությունը հերքել էին, նշում է Lenta.ru-ն:
Ավելացնենք, որ մեր օրերում ահաբեկիչը հազվադեպ է մահանում բնական մահով: Սովորաբար նրանց պայթեցնում են, սպանում, կախում կամ Գուանտանոմո տանում:



























